ՌԱԴԻՈ

Աղուզումցյան. «Կադրային քաղաքականության հետ կապված հարցերը դեռ բավարար մակարդակում չեն»

Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է թավշյա հեղափոխության, կառավարման հոգեբանության, կառավարության 100 օրվա և երիտասարդ կադրերի աշխատանքի մասին։
Sputnik
Ռուբեն Աղուզումցյան. 100 օրվա գաղափարը եկել է զարգացած երկրներից

Հոգեբանի խոսքով` Հայաստանում իրականացված հեղափոխության հիմքում բարոյականությունն էր։

«Այդ շատ կարևոր գործոնը մոռացվել էր։ Ժողովուրդը բարոյապես ընկճված էր։ Այս հեղափոխությունը հույս ու հավատ բերեց, որ ամեն ինչ փոխվելու է»,- ասաց նա։

Աղուզումցյանը թվարկեց կառավարման հոգեբանության մեջ առկա օրինաչափությունները, որոնք պետք է իմանալ և դրանց հետ հաշվի առնել։

«Նպատակ ունենալը և որոշում ընդունելը կառավարման մի մասն է` կարևոր, բայց ոչ մեծ։ Կարևոր է նաև այն, թե ինչպես պետք է իրականացնել որոշումը, ինչ հաջորդականությամբ, և շատ կարևոր են որոշման իրականացման արդյունքները»,- ասաց հոգեբանը։

Նրա խոսքով` կարելի է շատ հետաքրքիր, կարևոր ու օգտակար օրենքներ ստեղծել, բայց կատարելը բոլորովին այլ հարց է։ Այստեղ կա ոչ համատեղելիություն։

«Այսօր ցանկություններն ու դրանց իրականացումն այնքան էլ լավ կազմակերպված չէ։ Պատճառն այն է, որ միտքն ավելի արագ է զարգանում, քան գործողությունները»,- ասաց հոգեբանը։

Կառավարության կազմում երիտասարդ կադրերի թեմային անդրադառնալով` նա նշեց, որ կան երիտասարդներ, որոնք հասկացել են ու մտել գործի մեջ, դրական աշխատանք են կատարում, և կան մարդիկ, որոնք չեն ուզում կամ չեն կարող դա անել։

«Ընդհանարապես յուրաքանչյուր բարելավում կապված է կադրային քաղաքականության հետ։ Իսկ դրա հետ կապված հարցերը դեռ բավարար մակարդակում չեն։ Կադրերի ընտրության հարցն ամենակարևորն է, որովհետև մարդն է որոշում ամեն ինչ։ Յուրաքանչյուր նորմալ մարդու կարճ ժամանակում կարելի է մասնագետ դարձնել»,- ասաց Աղուզումցյանը։

Նա նշեց, որ մասնագիտական հատկություններից զատ, շատ կարևոր են բարոյական, ոգեղեն հատկությունները։

Ըստ հոգեբանի` կառավարիչը, որը բարոյականությամբ լի է, շատ արագ կգտնի դրական ցանկություններն իրականացնելու ձևերը։