Գագիկ Սուրենյանը խոստանում է` դեռ շոգելու ենք

Հայաստանի գլխավոր օդերևութաբանը հայտնել է, թե հայաստանյան ամառը երբ է վերադառնալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 21-ից հետո բավականին տևական ժամանակ դեռ շոգելու ենք: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը

«Վերջին երկու օրերին տեղացող առատ անձրևների պատճառով շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ամառը վերջացավ: Օգոստոսի 21-ից հետո բավականին տևական ժամանակ դեռ շոգելու ենք, անհոգ եղեք»,- գրել է նա։

Գրառումը դուր է եկել օգտատերերից շատերին։ «Ուխ, ինչ լավ է», «սիրտս տեղն ընկավ», «էս ինչ լավ լուր հայտնեցիք»,- գրել են նրանք մեկնաբանություններում։