Նախարարը հորդորում է օգնել ներգաղթած երեխաներին. տեսանյութ

Արայիկ Հարությունյանը կոչ է անում օգնել այդ երեխաներին, որպեսզի նրանք չհիասթափվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային շաբաթից առաջ կոչով դիմեց դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին։

Կրթության նախարարը խոսեց դպրոցականներին սև ու սպիտակ հագցնել–չհագցնելու մասին

«Վերջին շաբաթներին շատ են տեղեկությունները, որ դպրոցներ ընդունվելու փաստաթղթեր են ներկայացնում ներգաղթյալ ընտանիքների երեխաները։ Շատ ուրախալի փաստ է։ Սա այն է, ինչ մենք տարիներ շարունակ ցանկացել ենք տեսնել։ Կան արդեն շատ երեխաներ, ովքեր վերադառնում են ու ցանկանում են ուսումը շարունակել Հայաստանի դպրոցներում: Իմ խնդրանքն ու կոչն է, որ առաջին հերթին տնօրեններն աջակցեն այդ երեխաներին ու նրանց ծնողներին, որպեսզի ներառումը հեշտ լինի, խնդիրներ չառաջանան:Ի վերջո նման վերադարձը որոշակի սթրես է երեխաների համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նախարարը։

Ըստ նրա՝ պետք է այնպես անել, որ այդ երեխաների վերադարձը դյուրին լինի, նրանք չհիասթափվեն:

Նա կոչ արեց անհրաժեշտության դեպքում, եթե խնդիրներ ծագեն, կապ հաստատեն մարզպետարանների կամ նախարարության համապատասխան վարչության ղեկավարների հետ:

«Ես զանգեր եմ ստանում ՌԴ-ից, որ ասում են, որ երեխաս օրինակ՝ ավարտել է 6-րդ դասարանը, բայց զանգում ենք մեր գյուղի դպրոցի տնօրենն ասում է, որ վերադառնալու դեպքում չի կարող 7-րդ դասարանում շարունակել ուսումը: Մի՛ արեք այդպիսի բաներ»,-ասաց նա:

Նախարարը հատկապես աշակերտներին հորդորեց, որ օգնեն արտասահմանից եկող երեխաներին։