Երևանի ավագանու ընտրությունների անցկացման օրը հայտնի է. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, Երևանի ավագանու ընտրությունների օրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

Այս մասին այսօր որոշվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ, որի օրակարգում էին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրվա հրապարակման հարցն ու ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի հաստատումը:

Երևանի քաղաքապետի ընտրությունները «լակմուս» կդառնան Փաշինյանի կառավարության համար

Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է:

Հարցին, թե կուսակցությունները կհասցնեն տեղավորվել սահմանված ժամկետում, Սմբատյանն ասաց, որ կուսակցությունների համար պարզ էր, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, հետևաբար, կուսակցություններն իրենց նախապատրաստական աշխատանքները սկսել են ավելի շուտ:

«Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Մինչև օգոստոսի 29-ը կուսակցությունները կարող են գրանցել իրենց թեկնածուներին։ Սեպտեմբերի 10-ից կսկսվի նախընտրական քարոզարշավը», — ասաց Սմբատյանը։

ԶԼՄ-ների ներկայացուցիչները և դիտորդները կարող են գրանցվել մինչև սեպտեմբերի 8-ը՝ ընտրությունները լուսաբանելու համար։

«Ժառանգությունը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը

ԿԸՀ-ը մինչև սեպտեմբերի 30-ը պարտավոր է հաշվել ձայները և հայտարարել ընտրությունների արդյունքները։

«Այդ ընտրություններն ավելի մրցակցային կլինեն։ Դրանք միանշանակ արդար ու ազնիվ կլինեն», — նշեց Սմբատյանը։

Հիշեցնենք` 2011թ.–ից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տարոն Մարգարյանը այս տարվա հուլիսի 9–ին հրաժարական տվեց։

Քաղաքապետի ընտրության նպատակով հրավիրված ավագանու արտահերթ նիստը հուլիսի 16-ին չկայացավ` քվորումի բացակայության պատճառով, քանի որ ՀՀԿ–ն և «Ելքը» նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու նիստին և պատրաստվում են արտահերթ ընտրությունների։ Քաղաքացիական պայմանագիրն արդեն հայտարարել է` քաղաքապետի իր թեկնածուն Հայկ Մարությանն է։

Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում են ավագանին ցրելու մասին կառավարության որոշումից 30-40 օր հետո։