ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Հայաստանը մտել է այն երկրների եռյակի մեջ, որի քաղաքացիներն ամենից շատ են այցելում Վրաստան. այն առաջ է անցնել Թուրքիայից։ Հայաստանից Վրաստան այցելած քաղաքացիների թիվը 2018թ.-ի հունվար-հունիսին ավելացել է 8,9 տոկոսով։ Այդ մասին հաղորդում է երկրի տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը։
«Ըստ հաճախումների առաջին 3 տեղում են հետևյալ երկրների քաղաքացիները` Ռուսաստան (24,5 տոկոսով ավելի), Հայաստան (8,9 տոկոսով ավելի) Ադրբեջան (7,4 տոկոսով ավելի)», — ասվում է հաղորդագրությունում։
Իր հերթին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ճիշտ է համարել երկրի զբոսաշրջային ռազմավարությունը։
«Մենք ունենք ճիշտ և արդյունավետ ռազմավարություն զբոսաշրջության ոլորտում։ Անցած ամիս գրանցվել է պատմական մաքսիմումը` զբոսաշրջիկների այցելության տեսանկյունից», — ասել է Բախտաձեն։
Ինչպես հաղորդում է Sputnik Գրուզիան, հուլիսին երկիր են այցելել ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկներ, անցած տարվա նույն շրջանի համեմատ աճը կազմել է +10,5%։ Զբոսաշրջային այցելությունների քանակը հուլիսին կազմել է ավելի քան 564,9 հազար (+15% աճ)։ Ամենից շատ միջազգային այցելություններ են իրականացվել Ռուսաստանից, Ադրբեջանից Թուրքիայից և Հայաստանից։
Անցած յոթ ամիսների ընթացքում Վրաստան են այցելել 4,6 միլիոն միջազգային ճանապարհորդներ, անցած տարվա նույն շրջանի համեմատ աճը կազմել է 12,9 տոկոս։ Զբոսաշրջային այցերի քանակը կազմել է ավելի քան 2,4 միլիոն, ինչը 433,6 հազարով ավելի է 2017թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ։