Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը կրկին խցանված է․մոտ 700 բեռնատար հերթի են

Ռուս մաքսայիններն աշխատել են ամբողջ գիշեր, բայց այդպես էլ չեն կարողացել հաղթահարել «Կազբեկի-Վերին Լարս» անցակետի հսկայական հերթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Մի քանի հարյուր բեռնատարներ կուտակվել են ռուս-վրացական սահմանին՝ «Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ անցակետում։ Այդ մասին հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։

Ինչպես գրում է Sputnik Գրուզիան, ռուսական կողմից սահմանված է բեռնատարներն անցկացնելու լիմիտ՝ օրական 180 մեքենայից ոչ ավելի։ Վրացական կողմում բեռնատարների տեղափոխության գործընթացը կարգավորում է պարեկային ոստիկանությունը։ Ռուսաստան մեկնող վարորդներն իրենց հերթին են սպասում ռազմավարական ճանապարհին՝ Ստեփանծմինդա գյուղից ոչ հեռու։ Այդ գյուղից սահման կարելի է հասնել 10 րոպեում։

Հայկական բեռները Ադրբեջանի «հագով» չեն. Վերին Լարսի առաջարկված նոր այլընտրանքը անպիտան է

«Նրանք 180 բեռնատարից ավելի չեն թողնում, երբ պետք է անցնի առնվազն 400, որպեսզի հերթ չլինի։ Շատ բեռնատարներ կանգնած են Հայաստանի սահմանին և այնտեղ սպասում են իրենց հերթին», — մեջբերում է Առաջին ալիքը Եկամուտների ծառայության աշխատակցի խոսքը։

Միաժամանակ գերատեսչությունը կանխատեսում է իրավիճակի բարելավում։

«Հիմա կարելի է հուսադրող կանխատեսում անել, քանի որ ռուսական մաքսակետն անդադար աշխատել է ամբողջ գիշեր և անցկացրել մարդատար ավտոմեքենաները։ Դրանից հետո հնարավոր է դարձել մի քիչ ավելացնել լիմիտը։ Գիշերվա ընթացքում մենք անցկացրել ենք 250 բեռնատար մեքենա, ինչը քչացրել է հերթը», — հաղորդում է Եկամուտների ծառայությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել են Հյուսիսօսական մաքսատան մամուլի ծառայությունից, հսկիչ անցակետի թողունակությունն օրական մոտ 200 մարդատար և 180 բեռնատար մեքենաներն է։ Իսկ հիմա զբոսաշրջային թեժ սեզոն է, ամեն օր սահմանն անցնում են 3 հազար մարդատար և 600 բեռնատար մեքենաներ։ Կետը նախատեսված է օրական 4 հազար մարդու համար, հիմա անձնագրային հսկողություն է անցնում 14 հազար մարդ։

«Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ անցակետն այսօրվա դրությամբ վրաց-ռուսական սահմանին գործող միակ անցակետն է։ Այն չափազանց կարևոր է Հայաստանի համար, որն  ընդհանուր սահման չունի Վրաստանի հետ։