Ռուսաստանը հիշում է իր թիկունքին Թուրքիայի հասցրած հարվածը․Սատանովսկի

Մի պահ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կատարյալ էին թվում։ Բայց Սիրիայի երկնքում տեղի ունեցավ ողբերգություն` թուրքերը խոցեցին ռուսական ինքնաթիռը, հարաբերությունները սկսեցին փչանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակասությունները շարունակվում են աճել։ Թուրքիայում ամերիկացի հոգևորականի ձերբակալությունը, ԱՄՆ-ի պատասխան պատժամիջոցները` թուրքական մետաղի և ալյումինի տուրքերը բարձրացնելու տեսքով, դրան հաջորդած լիրայի անկումը լուրջ փորձություն են դարձել ՆԱՏՕ-ում երկու դաշնակիցների հարաբերությունների ամրության համար։

Այս ֆոնին աչքի են զարնում Ռեջեփ Էրդողանի՝ Վաշինգտոնի հետ դիվանագիտական վեճում ռուսական քարտը խաղարկելու փորձերը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի և մի շարք այլ երկրների հետ քննարկում սկսելու մտադրության մասին` առևտրում ազգային արժույթների անցում կատարելու հարցով։

Ինչ ընդհանրություն ունեն Էրդողանն ու Պուտինը, ըստ Թուրքիայի առաջնորդի

Այնուհետև խոսել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն`հայտարարելով, որ Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու հարցը։ Միաժամանակ, Մոսկվայում նման ռևերանսներին վերաբերում են բավական զուսպ լավատեսությամբ։

Մերձավոր Արևելքի խնդիրների ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկու կարծիքով՝ պետք է չափազանց զգույշ լինել Թուրքիայի հետ ընթացիկ հարաբերությունների բնութագրում։ Այդ հարաբերությունները շատ արագ փոխվում են, ու Մոսվայի և Անկարայի մերձեցման մասին ինչ-որ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է։

«Պահ է եղել, երբ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղակի կատարյալ են թվացել։ Բայց Սիրիայի երկնքում ողբերգություն է եղել, թուրքերը խոցել են ռուսական ինքնաթիռը, և հարաբերությունները սկսել են արագ փչանալ։ Դրանից հետո այդ մասին հիշողությունը մնացել է։ Այո, ընթացիկ ռեժիմում ամերիկացիները մերձեցնում են Ռուսաստանին և Թուրքիային։ Բայց ԱՄՆ-ն նույն հաջողությամբ իր դեմ է տրամադրում ամբողջ աշխարհը», — նշեց Սատանովսկին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ու Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները լուրջ են և երկարատև։

Евгений Сатановский

«ԱՄՆ-ի քաղաքականությունն այդպիսին է։ Այն շատ կոշտ է, եսակենտրոն, քանդում է հարաբերությունների համաշխարհային համակարգը։ ԱՄՆ-ի ներկա վարչակազմը քարը քարին չի թողնում այն ամենից, ինչ արվել է հետպատերազմական շրջանում», — հավելեց նա։

Փորձագետը հոռետեսորեն է տրամադրված այն հարցում, թե կկարողանան արդյո՞ք Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ներկա պայմաններում մշակել Մերձավոր Արևելքում անվտանգության նոր մոդել, ուրվագծել տարածաշրջանային քաղաքականության նոր գծեր։

Նա կարծում է, որ Մերձավոր Արևելքը եղել և կմնա մարդկության գլխացավանքը, քանի Աֆրիկան լրջորեն չի դրսևորվել։ Իսկ երբ աֆրիկյան խնդիրները լցվեն Եվրոպա, ահա այդ ժամանակ մերձավորարևելյան գործընթացները մանկական թոթովանք կթվան, համոզված է Սատանովսկին։