Փաշինյանի խոսքերը սպառնալիք են իր «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար. Հարությունյան

Հարությունյանը կարծում է, որ մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում մտահոգիչ է գնահատել ՀՔԾ պետի վերջին հայտարարությունները:

«Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք». Աշոտյանը` Փաշինյանին

«Վերջին օրերին մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում են արդարադատության իրականացման բացառիկ տիրույթ:

Հատկապես մտահոգիչ են ՀՔԾ պետի հայտարարությունները: Սակայն մտահոգության շատ ավելի մեծ առարկա է վերջին ժամանակահատվածում վարչապետի կողմից ավելի ու ավելի հաճախ արվող հայտարարությունները, այդ թվում՝ երեկվա հանրահավաքին, որոնք իրենց էությամբ ենթատեքստային սպառնալիքներ են իր կողմից «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար»,-գրել է  Հարությունյանը:

Ոչ թե հաշվետվություն-ելույթ էր արվածի և չարվածի մասին, այլ սպառնալիքների տարափ. Շարմազանով

ՀՀԿ անդամը հիշեցրել է, որ թե՛ Սահմանադրության և թե՛ դատական օրենսգրքի մակարդակով, ըստ ամրագրված են մի շարք հիմնարար սկզբունքներ և երաշխիքներ, որոնք կոչված են դատական իշխանությանը և դրա կրողներին պաշտպանել նմանատիպ ոչ իրավաչափ ներգործությունից:

«Դատական Օրենսգիրքը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը։

Այդ արգելքի ակնհայտ, կոպիտ և նպատակային խախտումների պայմաններում հիմնական դերակատարը Բարձրագույն դատական խորհուրդն է, որը որպես անկախ պետական մարմին պետք է իրացնի իր սահմանադրական հիմնական գործառույթը՝ երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը»,-եզրափակել է նախկին արդարադատության նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 17–ին իր վարչապետության 100 օրվան նվիրված հանրահավաքի շրջանակում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև աղմուկ հանած դատավարական գործերին։