Դինքի հայ փաստաբանը Թուրքիայում պաշտպանում է ձերբակալված ամերիկացի հոգևորականի շահերը

Ստեփան Ջեմ Հալավուրթը 17 տարեկանում է իմացել իր հայ լինելու մասին: Այնուհետև, դերսիմահայերի միությունը հիմնելուց հետո, 2013 թ. եկել է Հայաստան և մկրտվել է հայկական եկեղեցում՝ վերցնելով Ստեփան անունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Վերջին օրերին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական լարվածության և «առևտրային պատերազմի» պատճառ դարձած ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի փաստաբանն ազգությամբ հայ Ստեփան (Իսմայիլ) Ջեմ Հալավուրթն է:

Այս մասին գրում է ermenihaber.am պարբերականը։

Ստամբուլի իշխանությունը փորձել է արգելել Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները

Ինչպես գիտենք, Թուրքիայում միսիոներական առաքելություն իրականացնող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը 2016 թվականի դեկտեմբերի 9-ին թուրքական դատարանի որոշմամբ լրտեսության մեղադրանքով կալանավորվել էր: Նա մեղադրվում է «Հիզմեթ» կրոնական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու մեջ:

Հոգևորականի ձերբակալությունը լարվածություն է մտցրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Երկու երկրների միջև ծագած դիվանագիտական ճգնաժամը ավելի խորացել է, երբ չնայած ամերիկյան կողմի Բրանսոնին ազատ արձակելու պահանջներին, թուրքական դատարանը փոխել էր նրա խափանման միջոցը` սահմանելով տնային կալանք:

Ստեփան Ջեմ Հալավուրթը Թուրքիայում ճանաչված փաստաբան է, հատկապես հայտնի է հայերին վերաբերող դատական գործերում ներգրավվածությամբ: Նա ժամանակին նույնիսկ եղել է «Դերսիմի հայերի միության» նախագահը: Իր գլխավորած դերսիմահայերի խմբի հետ մասնակցել է 2015թ. տեղի ունեցած «Համահայկական 6-րդ խաղերին»:

Թուրքահայերը և քրդահայերը. նոր Թուրքիայի մասին Խաջյանի գիրքը բացել է«ծպտյալ ազգի» գաղտնիքը

Ստեփան Ջեմ Հալավուրթը 17 տարեկանում է իմացել իր հայ լինելու մասին: Այնուհետև, դերսիմահայերի միությունը հիմնելուց հետո, 2013 թ. եկել է Հայաստան և մկրտվել է հայկական եկեղեցում՝ վերցնելով Ստեփան անունը: Հետագայում շուրջ 40 դերսիմահայեր, այդ թվում՝ Հալավուրթի ընտանիքի անդամները եկել են Հայաստան և մկրտվել:

Հալավուրթը  Թուրքիայում որպես փաստաբան ներգրավված է մի քանի աղմկահուրույց դատական գործերում: Նա հանդիսանում է Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկում  2011 թ ապրիլի 24-ին ծառայակցի կողմից սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչի ընտանիքի փաստաբանը:

Ինչպես նաև  2007թ հունվարի 19-ին Ստամբուլում սպանված պոլսահայ լրագրող, «Ակոս» հայկական թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից մեկն է:

Հալավուրթը հատկապես աչքի է ընկնում իր ընդդիմադիր հայացքներով. ընդգծված հայամետ է: