«Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նախորդ իշխանության ներկայացուցիչներին և նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին հորդորեց կատակ չանել ժողովրդի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Մեր կառավարության առաջին 100 օրվա ամենահիշարժան ձեռքբերումներից մեկը պայքարն է կոռուպցիայի դեմ։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքում։

Ձայնս երևի սովորել է վարչապետի փափուկ կյանքին. Փաշինյան

«Մենք ձեզ խոստացել էինք, որ հերթով բացահայտելու ենք ՀՀ բոլոր թալանչիներին, և մենք հերթով բացահայտում ենք։ Ուզում եմ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզնից գողացված գումարները լումա-լումա վերադարձնելը ժողովրդին և պետությանը։ Այսօր արդեն տասնյակ միլիոն դոլարների վերադարձվել են պետությանը և վերադարձվում են, բայց այսօր ունենք իրավիճակ, երբ իրավապահ մարմիններն աշխատում են խստագույն ծանրաբեռնվածությամբ»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով` տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հարց են առաջացնում, թե արդյոք մեր գործող դատական համակարգը ոչ թե ֆիզիկապես, այլև բարոյապես ի վիճակի է իրականացել կոռուպցիայի դեմ պայքար։ Ըստ վարչապետի` այսօր ավելի ու ավելի են հնչում տեսակետներ, որ մեր հանրապետության դատավորների զգալի մասը սպասարկել է երկար տարիներ կոռուպցիոն համակարգին, ավելի շատ քաղաքացիներ են խոսում այն մասին, որ Հայաստանում գործած բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, և այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է շատ խորը մնալ։

«Շատ նուրբ թեմա է։ Մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու գայթակղությանը։ Առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով ես ասել եմ, որ հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից։ Մյուս կողմից ես ուզում եմ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավոր պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից։ Ես ուզում եմ նախորդ իշխանության ներկայացուցիչներին և նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ և կոնկրետ` խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»,- շեշտեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ վարչապետն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում։