«ԱԻՆ–ից նախկին պաշտոնյաներ են կալանավորվել». Վանեցյան

«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Արթուր Վանեցյանը վստահեցրել է, որ ԱԱԾ–ում չկա փակուղի մտած գործ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն անդրադարձել է ՀՀ ԱԻՆ–ում բացահայտված չարաշահումներին` տեղեկացնելով, որ նախկին պաշտոնյաներ են կալանավորվել։ 

«Նրանք մեղադրվում են բյուջեից գումար յուրացնելու մեջ։ Վանեցյանը տեղեկացրել է, որ կալանավորված են ԱԻ նախկին փոխնախարար Համլետ Հակոբյանը և աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանը։

«Երևան» հիմնադրամում արձանագրվել է մոտ 2 միլիարդ դրամի վատնում. Վանեցյան

Անդրադառնալով «Երևան» հիմնադրամի գործին և պատասխանելով այն հարցին, թե ինչու մինչև հիմա Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի կանչվել հարցաքննության` Վանեցյանն ասել է. «Որովհետև պետք է լինեն ստուգումներ, դուք տեսաք չէ՞, որ 3 գազել փաստաթուղթ էին տանում, այդ փաստաթղթերը պետք է ստուգեն, գնահատականը տան, որից հետո անհրաժեշտություն կլինի…»»։

Հիշեցնենք, որ «Երևան» հիմնադրամի մասին հանցագործության հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:

Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ: