Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվել է: Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացնելու հարցով միջնորդությունը ներկայացրել էր Հատուկ քննչական ծառայությունը:

Մանվել Գրիգորյանը շատ վատ է. փաստաբանը պահանջում է շտապ ազատել նրան

Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին` 2 ամիս ժամկետով։ Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։