«Ես ՀՀԿ–ականներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազ չխաղալ». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. 1 տարվա ընթացքում, մինչև հաջորդ մայիս պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երկրի ներքաղաքական վիճակին։

Որևէ մեկը թող չմտածի, որ ձեզնից թաքուն թուղթ կստորագրեմ. Փաշինյանը` Արցախի մասին

«Հիմա սահմանադրական հնարավորությունը հետևյալն է, որ ես որպես վարչապետ պիտի հրաժարական տամ, և խորհրդարանը պետք է երկու անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հիմա նրանք մտածում են` թողնենք, հրաժարական տան, հետո թաքուն ուրիշ վարչապետ կընտրենք»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով` այդ մարդիկ շարունակում են չհասկանալ` ինչ է կատարվում Հայաստանում։

«Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը հետևյալը կլինի. արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմանով, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին։ Այդ փոփոխությունները պետք է ընդունի հենց այդ Ազգային ժողովը»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ ՀՀ քաղաքացիները պետք է դա ձևակերպեն որպես հստակ պահանջ։

«Ես հանրապետականներին և նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազ չխաղալ»,- ասաց նա։

Փաշինյանը Հանրապետության հրապարակում խոսեց նաև Մարտի 1-ի և հայ–ռուսական հարաբերությունների մասին։