Նիկոլ Փաշինյանն ասաց` որտեղից սկսեն երթն ու երբ

Նա խորհուրդ տվեց հանրահավաքի մասնակիցներին սադրանքների չտրվել և ագրեսիային ագրեսիայով չպատասխանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրին նվիրված երթ–հանրահավաքը մեկնարկելու է Արցախի պողոտա-Էրեբունի պողոտա խաչմերուկից, ժամը 17:30-ին: Այս մասին հայտարարեց անձամբ Նիկոլ Փաշինյանը`ֆեյսբուքյան իր էջի ուղիղ հեռարձակման միջոցով։

Սահմանափակումներ լրատվամիջոցների համար` օգոստոսի 17–ի հանրահավաքի ժամանակ

«Հենց այդ խաչմերուկից 2018 ապրիլի 21-ին ինձ առևանգեցին Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցները։ Համոզված եմ, որ նրանք այսօր երթի ընթացքում կիրականացնեն ծառայություն, ոմանք նույնիսկ կմասնակցեն քայլարշավին, և սա կլինի ազգային համերաշխության մի առանձնահատուկ դրսևորում, որովհետև այսօր մեր միջև բաժանարար գծեր չկան` ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, հասարակությունը, Զինված ուժերը, ժողովուրդը, բանակը, պետական կառավարման մարմինները, իշխանությունը նույն կողմում են»,- ասաց նա:

Դիմելով քաղաքացիներին`վարչապետը խնդրեց, որ այսօր ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ չպատասխանեն:

Նա հիշեցրեց, որ արդեն փորձ ունեն իրականացնելու այնպիսի զանգվածային միջոցառումներ, որոնց մասնակցում են հարյուր հազարավոր մարդիկ։

«Բոլոր կանխատեսումների համաձայն՝ այսօր հանրահավաքի մասնակիցների թիվը մեծ է լինելու, և այս պայմանները յուրաքանչյուրիցս պահանջում են առանձնահատուկ պատասխանատվություն, զսպվածություն»,- ասաց նա և խորհուրդ տվեց ագրեսիվության դրսևորում նկատելու դեպքում դիմեն իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 17–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության 100 օրն ամփոփելու է Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում։