Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում հայտնաբերվել է ծառից կախված ոսկերչի դին

Մաքսային կոմիտեի նախկին նախագահի այգիների տարածքում հայտնաբերված տղամարդը Երևանի բանկերից մեկում է աշխատել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում գտնվող ՀՀ նախկին մաքսային կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում տղամարդու դի կա ծառից կախված:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ծառից կախված Եղվարդ քաղաքի բնակիչ, 40-ամյա Ա. Ս.-ի դին:

Դին կախված է եղել կաշվե գոտիով: Դատաբժիշկը, տեղում զննելով դին, նախնական եզրակացությամբ հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կայքի տեղեկություններով՝ Ա. Ս.-ն աշխատում էր «Արդշինբանկի» Դավիթաշենի մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ: Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա:

Ըստ նրա հարազատների հայտարարության՝ նա ինքնասպան է եղել ֆինանսական խնդիրների պատճառով: