ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Հայաստանում ցողունային բջիջների ինքնափոխպատվաստումը մի քանի անգամ ավելի էժան կլինի, քան բժշկական զարգացած զբոսաշրջություն ունեցող երկրներում։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց բժիշկ-արյունաբան Կարեն Մելիքսեթյանը։
Հենց նրա թիմն է երկու շաբաթ առաջ Հայաստանում առաջին անգամ երկու տարեկան երեխայի ցողունային բջիջների ինքնափոխպատվաստում կատարել։
Նրա խոսքով` Բելառուսում նույնանման գործընթացն արժե 80 հազար դոլար, Գերմանիայում` 50-100 հազար եվրո` կախված քաղաքից, ԱՄՆ-ում` սկսած 100 հազար դոլարից։ Բժշկի խոսքով` Հայաստանում գնագոյացման գործընթացն առայժմ չի ավարտվել, բայց, նախնական հաշվարկներով, նման վիրահատությունը կարժենա 15-16 հազար դոլար։
«Հայաստանում արդեն կատարել են երկու տարեկան երեխայի ցողունային բջիջների ինքնափոխպատվաստում, երկու երեխաներ էլ մոբիլիզացիայի փուլում են։ Վիրահատության կարիք ունեն ևս վեց մեծահասակներ», — ընդգծեց Մելիքսեթյանը։
Երկու տարի անց, երբ հայ բժիշկները բավականաչափ փորձ ունենան, երկրում կսկսեն Գերմանիայի հետ համատեղ ներդնել ալոգենային փոխպատվաստում (կամ ալոփոխպատվաստում, երբ նախատեսվում է դոնորի ողնուղեղի նախապատրաստում` խմբ.)։
Հայաստանում աշխատում է արյունաբանների մեծ խումբ, որոնք մշտապես անցնում են որակավորման բարձրացման կուրսեր և կապ պահպանում արտասահմանյան գործընկերների հետ, հավաստիացրեց կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանը։
«Բժիշկները ոչ միայն բարդ վիրահատություններ են կատարում, այլ նաև հետևում նրան, թե ինչպես է ընթանում վերականգնողական շրջանը, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` հնարավորության դեպքում տրավմատիկ ընթացակարգերի հետևանքները վերացնելու համար», — ասաց նա։
Բժիշկը վստահեցրեց` տեղի բժիշկները ծանոթ են բուժման ամենավերջին մեթոդներին, իսկ անհրաժեշտության դեպքում նրանք խորհրդակցում են այլ երկրների գործընկերների հետ. Գերմանիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ցողունային բջիջների փոխպատվաստման առաջին փորձն արվել է աշխատողների վրա, որոնք ճառագայթվել են միջուկային ռեակցիաներից։ Դրանից հետո մշակվել է բուժման սովորական կուրս, որը թույլ է տալիս բուժել արյան չարորակ և բարորակ խանգարումներով հիվանդների ավելի քան 90 տոկոսին` հիվանդության վաղ փուլում «դոնոր-ընդունող» օպտիմալ համադրության առկայության դեպքում։
Այսօրվա դրությամբ ամեն տարի միջազգային մակարդակով ավելի քան 50 000 փոխպատվաստվում է իրականացվում, և այդ ցուցանիշը տարեցտարի աճում է։