Երևանում թալանել են կալանավորների հիվանդանոցի բաժնի ղեկավարի առանձնատունը

Հարմարեցված բանալիով բացել են դուռը և հափշտակել հյուրասենյակում դրված պայուսակի միջի գումարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Ռաֆայել Հակոբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ Երևանի բնակիչ, 40-ամյա Դիանա Ավետիսյանի դիմումի հիման վրա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ օգոստոսի 16-ին, Դ. Ավետիսյանը դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ օգոստոսի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հարմարեցված բանալու գործադրմամբ բացել է Վերին Անտառային փողոցի` իրեն պատկանող տան մուտքի դուռը և, ներս մտնելով բնակարան, հյուրասենյակում եղած պայուսակի միջից հափշտակել է 2 հազար ԱՄՆ դոլար:

Կայքի տեղեկություններով՝ Ավետիսյանը բնակվում է Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում, իսկ նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվում է Իսրայելի Հանրապետության քաղաքացի, 43-ամյա Ա. Ա.-ն:

Ավետիսյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ որպես բաժնի ղեկավար: