Ծեծի հետքերն ակնհայտ են. Խաչատուրյան քույրերի մայրը ցույց է տվել դուստրերի լուսանկարները

Մայրը պնդում է, որ լուսանկարներում երևում են աղջիկների հոր «դաստիարակչական» աշխատանքի հետքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Հարազատ հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի մայրը` Աուրելիա Դունդուկը, ցույց է տվել աղջիկների լուսանկարները, որոնցում երևում են ծեծի հետքերը։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը խոստովանել են, որ սպանել են իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին։ Նրանք բացատրել են, որ «վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է իրենց»։

Դունդուկը նշել է, որ աղջիկները մի քանի ամիս առաջ են լուսանկարել հոր ծեծի հետքերը, իսկ մորը փոխանցել են սպանությունից հետո։

​Լուսանկարներից մեկում երևում է, որ քույրերից մեկի` Անգելինայի գլխին վերք է, և արյունը հոսում է դեմքի վրայով։ Մյուս երկու կադրերում դեմքերը չեն երևում (նշվում է, որ մեկն ավագ քույրն է` Քրիստինան, մյուսը` կրտսերը` Մարիան), բայց երևում են կզակի և մարմնի վրայի կապտուկները։

Դունդուկն ասել է, որ աղջիկները լուսանկարներ շատ են ունեցել, և հիմա քննությունն ուսումնասիրում է դրանք։ Երբ 3 տարի առաջ կինը հեռացել է տնից, նա նախկին ամուսնուց թաքուն է շփվել աղջիկների հետ։

«Նա բազմաթիվ անգամ ասել է, որ կսպանի նրան, ով շփվի ինձ հետ», — կինն այս մասին ասել է պարբերականին։

Խաչատուրյանի սպանությունից հետո մայրը կարողացել է հանդիպել և զրուցել աղջիկների հետ։ Հենց այդ ժամանակ են նրանք պատմել, թե ինչ է տեղի ունենում ընտանիքում։

«Այդ ժամանակ ես առաջին անգամ իմացա, թե ինչ է տեղի ունեցել տանը։ Բռնության և ծեծի մասին։ Աղջիկները նույնիսկ հասցրել են ինձ ուղարկել մի քանի ամիս առաջ արված լուսանկարների մի մասը։ Նրանց հեռախոսներում շատ են նման լուսանկարները։ Հիմա քննությունը վերցրել է սմարթֆոնները։ Այնպես որ ոստիկանները կտեսնեն այդ ամենը», — նշել է նա։

Մոսկվայի Օստանկինսկի դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։