Արթուր Վանեցյանին են ներկայացրել ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետին

Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները գործնականում ընդգրկում են փոխշահավետ համագործակցության բոլոր ոլորտները, նշել է ՀՀ ԱԱԾ պետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրեն, սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնստանտինովի գլխավորած պատվիրակությանը:

Վանեցյան. «Կոռուպցիոն սխեմաները 1.5 տարվա վաղեմություն ունեն»

Ինչպես տեղեկացնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից, հանդիպման սկզբում Ի. Կոնստանտինովը ՀՀ ԱԱԾ տնօրենին ներկայացրեց ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետ գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկիին և նրա անցած ծառայողական ուղին:

Տնօրենը շնորհավորեց  վերջինիս նշանակման կապակցությամբ, մաղթեց հաջող ծառայություն և վստահեցրեց, որ ՀՀ ԱԱ ծառայությունը մշտապես պատրաստ է աջակցել սահմանների պահպանության հարցում:

Քննարկելով երկկողմ համագործակցության հարցերը՝ Ա. Վանեցյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները գործնականում ընդգրկում են փոխշահավետ համագործակցության բոլոր ոլորտները և հույս հայտնեց, որ նմանատիպ հանդիպումները կնպաստեն  այդ համագործակցության էլ ավել ամրապնդմանը:

ՌԴ կողմը ևս պատրաստակամություն հայտնեց նպաստել հնարավոր համագործակցության զարգացմանը, ապա անդրադարձ եղավ ՀՀ-ում ՌԴ սահմանապահների առաքելությանը: