Մեղադրանքներն անհեթեթ են, որոշել եմ ուշադրություն չդարձնել.Քոչարյանը`իր կարողության մասին

Քոչարյանը խորհուրդ տվեց այսօրվա իշխանությանը հատ–հատ ստուգել իր ունեցվածքի մասին ինֆորմացիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Քիչ թե շատ տնտեսագիտությունից հասկացող մարդը կհասկանա, որ 2,5 մլրդ բյուջե ունեցող երկրում մարդը չի կարող 4 մլրդ կարողություն ունենալ։ «Երկիր մեդիայի» եթերում, պատասխանելով իր կարողության մասին հարցին, ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը գիտի` ինչպես պետք է պայքարել կոռուպցիայի դեմ

«Այդ մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ 2-3 անգամ հերքելուց հետո որոշել եմ ուշադրություն չդարձնել։ Աբսուրդի հավատացող մարդուն դժվար է ինչ-որ բանի մեջ համոզել։ Այն, ինչ իմ կառավարման ժամանակ ստեղծվել է կամ դրսի ներդրողների նախագծեր են իրականացրել այստեղ, կապում են ինձ հետ։ Կապողը չի պատկերացնում, որ կարող է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը սեփականացվել և փայ չմտնել։ Լավ գիտեն, որ ես փայ չունեմ։

Այսպես մտածում են մարդիկ, որոնք չենք պատկերացնում, որ դա հնարավոր է։ Այդ ցուցակում գրված է, որ յոթ բանկի տեր եմ Հայաստանում։ Կապ չունեմ որևէ բանկի հետ։ Դիմում եմ ԿԲ նախագահին, հրապարակեք` ովքեր են այդ բանկերի տերերը: Գրում են, որ օդանավակայանի 50 տոկոսն իմն է։ Իսկ ես ընդամենը համոզել եմ Էռնեկյանին, որ խելքի բերի «Զվարթնոց» օդանավակայանը»,–ներկայացրեց Քոչարյանը և նշեց, որ այս իշխանությունը հնարավորություն ունի հատ–հատ ստուգելու այս ամենը։