Ռոբերտ Քոչարյանը գիտի` ինչպես պետք է պայքարել կոռուպցիայի դեմ

ՀՀ 2–րդ նախագահին մտահոգում է նոր կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիայի» եթերում ասաց, որ իր ակտիվությունը կապված է նաև երկրի տնտեսական քաղաքականության հետ։

Ռուսաստանը ստրատեգիական երկիր է, առանց որի մեր պաշտպանության հարցը վտանգի տակ է. Քոչարյան

«Նախորդ իշխանությունների տնտեսական քաղաքականությունը բավական ակտիվ քննադատում էի։ Դա իմ պարտքն էր։ Այսօր իմ ակտիվությունը կապված է նույն մոտիվացիայի հետ։ Կամ ուղղակի պետք է դուրս գամ, գնամ ապրեմ այլ երկրում, չեմ կարող այդպես։ Կհամարեմ դավաճանություն։ Ոչ մի լավ բան չեմ տեսնում տնտեսական ոլորտում։ Չկա տնտեսական քաղաքականություն»,–խոսելով այսօր վարվող տնտեսական քաղաքականության մասին՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա հայտարարեց, որ մեծ կասկած ունի, որ կա որևէ փաստաթուղթ այդ մասին։ «Կա կարգախոս՝ պայքար կոռուպցիայի դեմ, բայց դա տնտեսական քաղաքականություն չէ։ Կոռուպցիայի դեմ պայքարը միայն մարդկանց բռնել-բաց թողնելը չէ։ Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող փոխարինել տնտեսական քաղաքականությանը։ Այսօր բոլորը բողոքում են, որ գները կրկնակի աճել են»,–ասաց Քոչարյանը։

Նրա դիտարկմամբ` ժողովուրդը հիմա սկսել է ավելի վատ ապրել։