Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովին բարձր մակարդակով ենք պատրաստվում. արտգործնախարար

Գագաթնաժողովի հյուրերի թվում լինելու են Էմանուել Մակրոնն ու Ջասթին Տրյուդոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ՀՀ կառավարությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի անցկացմանը նախապատրաստվում է բարձր մակարդակով։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտնեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Գագաթնաժողովն անցկացվելու է հոկտեմբերի սկզբին։ Հյուր են գալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն և պետական այլ այրեր։

Մնացականյանի խոսքով` պետական մի շարք պատվիրակություններ ևս հաստատել են իրենց մասնակցությունը գագաթնաժողովին։

ՀՀ ԱԳՆ-ն գագաթնաժողովի անցկացման համար 120 մլն դրամ կստանա (մոտ 250 հազար դոլար)։ Այդ գումարով կլուծվելի հյուրերի կեցության հարցը (այդ թվում` լրագրողների մեծ խմբի), ինչպես նաև տոնական միջոցառումներ կանցկացվեն։