Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը

Որոշման մեջ նաև ներառված է ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու հարցերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ՀՀ կառավարությունը պաշտոնապես կասեցրեց Երևանի Ավագանու լիազորությունները։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ ոստիկանությունն Ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար 87,6 մլն դրամ կստանա (մոտ 180 հազար դոլար)։ ԿԸՀ-ն նիստ կգումարի և 30-40-օրյա ժամկետում կնշանակի ընտրությունների օրը:

Խոսում է Երևանը. ինչ են ակնկալում մայրաքաղաքի բնակիչներն ապագա քաղաքապետից

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական տվեց։ Հուլիսի 16-ին Ավագանին հավաքվեց նոր քաղաքապետ ընտրելու համար, սակայն քվորումի բացակայության պատճառով նիստը չկայացավ։ Ավագանիում մեծամասնություն կազմող ՀՀԿ ներկայացուցիչներն այլ թեկնածու չառաջադրեցին։ Երկու շաբաթվա ընթացքում թեկնածու չառաջադրեցին նաև մյուս երկու խմբակցությունները` «Ելքն» ու «Երկիր ծիրանին»։

Այդ դեպքում, տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, կառավարությունը հաստատեց Ավագանու ցրումը։ Դրանից հետո ավագանու նոր ընտրությունները պետք է տեղի ունենան ոչ շուտ, քան 30 օր հետո և ոչ ուշ, քան 40 օր հետո։

Հիշեցնենք, որ ՀՀ երեք խոշոր քաղաքներում (Երևան, Գյումրի, Վանաձոր) քաղաքապետին ընտրում է ավագանին, որն էլ իր հերթին ընտրում են քաղաքացիները։

Նախնական տեղեկություններով, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: