Կմասնակցե՞ն հայ ձյուդոիստները Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը. հարցը քննարկվում է

Ձյուդոյի աշխարհի առաջնությանը մասնակցելը շատ կարևոր է բոլոր ձյուդոիստների համար, հայ մարզիկներն էլ բացառություն չեն։ Բայց կա մի կարևոր հանգամանք` առաջնությունն անցկացվելու է Բաքվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Soutnik, Խաչիկ Չախոյան. Սեպտեմբերի 20-27-ը Բաքվում անցկացվելու է Ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Բնականաբար, հայ ձյուդոիստների մասնակցությունը այս մրցաշարում հարցականի տակ է: Սակայն չի բացառվում, որ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի միջամտությունը օգնի հայ ձյուդոիստներին Ադրբեջանի կողմից պետական երաշխիքներ ստանալու և հետևաբար այդ մրցաշարին մասնակցելու հարցում:

Ռուբեն Թաթուլյանը Սոչիին մարզական մեծ համալիր է նվիրել

Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանի և Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի` Բուդապեշտում կայացած հանդիպման հիմնական թեման եղել է հենց հայ մարզիկների մասնակցության հարցը աշխարհի առաջնությունում, և Վիզերը խոստացել է բանակցել ադրբեջանցիների հետ հայ ձյուդոիստների անվտանգությունն ու մասնակցությունը ապահովելու համար:

Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ շատ լավ կլիներ, որ մեր տղաները մասնակցեին աշխարհի առաջնությանը։

«Առաջնությանը մասնակցելու դեպքում մենք կկարողանանք իրական գնահատական տալ մեր մարզիկնկերի պատրաստվածությանը ու կտեսնենք ուժեղ և թույլ կողմերը: Բացի այդ նման կարգի մրցաշարերը մեծ փորձ ու վարպետություն են տալիս յուրաքանչյուր մարզիկի: Եթե չստացվի մասնակցությունը, ապա արդեն մեր բոլոր ուժերը կկենտրոնացնենք վարկանիշային այլ մրցաշարերի վրա»,- ասաց նա։

Հավելենք, որ ձյուդոյի աշխարհի առաջնությունը վարկանիշային մրցաշար է Տոկիոյում 2020 թվականին կայանալիք օլիմպիական խաղերի համար և, բնականաբար, այդ առումով շատ կարևոր է բոլոր ձյուդոիստների համար: 2018 թվականին Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած Ֆերդինանդ Կարապետյանը, անկասկած, աշխարհի առաջնության հաղթողի հավակնորդների թվում է: Բացի Ֆերդինանդից, երաշխիքներ ստանալու դեպքում Բաքու կմեկնի 73 կգ քաշային մեր մյուս մարզիկը՝ Արսեն Ղազարյանը:

Եթե մեր մարզիկները չմասնակցեն այս մրցաշարին, օլիմպիական խաղերի վարկանիշ վաստակելու այլ տարբերակներ էլ կան, քանի որ մինչև օլիմպիական խաղերը դեռ ժամանակ կա, ու Գրան Պրի և Գրան Սլիմ մրցաշարերում հաջողության հասնելու դեպքում մերոնք կարող են ունենալ այդ վարկանիշը: