Դեսպանը Արայիկ Հարությունյանին Իրան է հրավիրել

Իրանի դեսպանն ու ՀՀ կրթության և գիտության նախարարը համագործակցության հարցեր են քննարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։

Կրթության նախարարը դիմել է դպրոցականների ծնողներին

Արայիկ Հարությունյանը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները դրսևորվում են նաև կրթության և գիտության ոլորտներում և առկա համագործակցության մակարդակը բավարար հիմք է տալիս հետագա համատեղ ծրագրերի տեսլականը քննարկելու համար:

«Անշուշտ, մենք հավատարիմ ենք մեր պետությունների միջև նախկինում կնքված հուշագրերի շրջանակում նախատեսված պարտավորություններին ու պատրաստակամ՝ քննարկելու նոր համատեղ ծրագրեր, որոնք հայ-իրանական հարաբերությունները կրթության և գիտության ոլորտում նոր որակական աստիճանի կբարձրացնեն»,- նշել է նախարարը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր խոսքում վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ զարգացնելու առկա կրթագիտական համագործակցությունը: Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը պայմանավորված է նաև գիտակրթական և միջհամալսարանական հարաբերությունների զարգացմամբ: Նա հաստատել է, որ Իրանի կառավարությունը պատրաստակամ է Հայաստանի քաղաքացիներին Իրանի բուհերում դոկտորական տեղերի տրամադրման հարցում:

Դեսպանը ՀՀ կրթության և գիտության նախարարին է փոխանցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական այցի հրավերը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջբուհական հարաբերությունների ամրապնդման, ուսանողների և դասախոսների փոխանակման, Հայաստանում պարսկերեն լեզվի դասընթացների կազմակերպման, նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, ինչպես նաև աշխատանքային այլ հարցերի: