Սպառնում է պայթեցնել նախարարության շենքը. աշխատակիցներն արագ տարհանվում են

Այս պահին աշխատակիցները տարհանվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոս — Sputnik. Քաղաքացին սպառնում է պայթեցնել Առողջապահության նախարարության շենքը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, օգոստոսի 15-ին, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայություն և հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ առողջապահության նախարարության շենքը:

Sputnik Արմենիայի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին շենքից տարհանվել է մոտ 2000 մարդ։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Դեպքի վայրում աշխատող մեր թղթակիցը քիչ առաջ տեղեկացրեց`շենքից դուրս եկած ոստիկանության աշխատակիցը հայտնել է, որ ահազանգը կեղծ էր, շենքում պայթուցիկ չկա։ Աշխատակիցները քիչ–քիչ վերադառնում են աշխատասենյակներ։