ՌԱԴԻՈ

Մարտիրոսյան. «Կան ուժեր, որոնք ուզում են ապակայունացնել պետական ինստիտուտների աշխատանքը»

ՀՀ առողջապահության նախարարությունում ռումբի մասին կեղծ ահազանգը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ, և մոտ ապագայում «հեռախոսային» ահաբեկիչների այդօրինակ արարքները կարող են կրկնվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
Sputnik
Սամվել Մարտիրոսյան

Մարտիրոսյանը կարծում է, որ ներքաղաքական կյանքի ներկայիս անցումային շրջանում կլինեն ուժեր կամ հանրության խմբեր, որոնք կցանկանան սաբոտաժի ենթարկել պետական կառույցների ու ընդհանուր առմամբ Հայաստանի կառավարության աշխատանքը։

«Տեղեկատվական շատ սուր հակամարտություն կա։ Այսօրվա խառը պայմաններում շատերը փորձում են ապակայունացնել իրավիճակը, այդ թվում նաև նման արարքների միջոցով։ Շատ դժվար է կոնկրետ անուններ նշել, սակայն ակնհայտ է` կան ուժեր, որոնք ուզում են ապակայունացնել պետական ինստիտուտների աշխատանքը», — ասաց Մարտիրոսյանը։

Թեև այսօրվա զանգի հեղինակին շատ արագ գտան, այդուհանդերձ նրա արարքը կարող է վարակիչ դառնալ ուրիշների համար։ Մարտիրոսյանը նշում է, որ անկայուն հոգեբանություն ունեցող բազում մարդիկ կարող են ակտիվանալ, և դա կարող է իսկական գլխացավանք դառնալ հասարակության ու իշխանությունների համար։

Այսօր առավոտյան քաղաքացին ահազանգել էր «911» ծառայություն և հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ առողջապահության նախարարության շենքը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը: Աշխատակիցները տարհանվել են։ Պարզվել է, որ ահազանգը կեղծ է։ Ավելի ուշ պարզվել է զանգողի ինքնությունը։