Հարբած ցանկացել են դիսկոտեկ գնալ. Պլովդիվում հային կդատեն մարդասպանության համար

Անվտանգության աշխատակիցը կոտրել է կռվարարներից մեկի ծնոտը։ Դրա համար նրանից շորթել են 40 հազար եվրո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Բուլղարիայի բնակիչ, 28–ամյա Սերգեյ Հարությունյանը բանտ կնստի դիսկոտեկի անվտանգության աշխատակցի սպանության համար, հաղորդում է Plovdiv Online պարբերականը։

Հարությունյանին մեղադրում են դիսկոտեկի 33–ամյա անվտանգության աշխատակից Ատանաս Կարաստոյչևի սպանության մեջ։

Պլովդիվի հայերը չեն հանգստանում. դանակահարությունից հետո այրել են միկրոավտոբուսը

Ամեն ինչ սկսվել է հարբած վեճից։ Մի քանի ամիս առաջ Սերգեյը, նրա փեսա Արթուր Օսիպյանը և ևս մի քանի անսթափ մարդիկ ջիպ մեքենայով մոտեցել են Պլովդիվի դիսկոտեկներից մեկին։ Նրանց ներս չեն թողել, ծեծկռտուք է սկսվել։ Անվտանգության աշխատակիցներից մեկը կոտրել է Արթուրի ծնոտը։

Դրանից հետո Սերգեյը, Արթուրը և մնացածը սկսել են Կարաստոյչևից փոխհատուցում շորթել` պահանջելով 40 հազար եվրո։ Վերջապես հուլիսի 29–ին Հարությունյանը դարանակալել է Կարաստոյչևի տան մոտ և սպանել նրան։

Հարությունյանի փաստաբան Գեորգի Միտրիկովը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ անվտանգության աշխատակիցները ցանկացել են ծեծելով սպանել Սերգեյին ու Արթուրին։ Նրա խոսքով` սպանության օրը հայերը եղել են Արևոտ ափ հանգստավայրում և ունեն ալիբի իրենց ընտանիքների կողմից։

Բայց դատարանը հաշվի չի առել այդ արդարացումները։ Հարությունյանին սպառնում է ազատազրկում։