Հայաստանը Բելառուսում նոր դեսպան ունի

ՀՀ նախագահն Արմեն Ղեվոնդյանին նշանակել է Բելառուսում ՀՀ դեսպան և Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Օլեգ Եսայանն այլևս չի զբաղեցնում Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը զբաղեցրած պաշտոնից հետ է կանչվել: ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ էլ, համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Օլեգ Եսայանը նշանակվեց Բելառուսում Հայաստանի դեսպան

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Օլեգ Եսայանին հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», — ասվում է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Օլեգ Եսայանը Բելառուսում ՀՀ դեսպան է նշանակվել 2017 թվականի մարտի 23-ին:

ՀՀ նախագահի այսօր ստորագրած հաջորդ հրամանագրով Բելառուսում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Ղեվոնդյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.Արմեն Ղևոնդյանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»,–ասված է հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ: