Ինչպես են մարդկանց խաբում վարկային միջնորդ կազմակերպությունները. նոր բացահայտում

Ոստիկանությունը վարկային կազմակերպություններ հանդես եկող ընկերությունների խարդախություններ է բացահայտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Համացանցի սոցիալական ցանցերում գովազդվում են Հայաստանում գործող տարբեր վարկային միջնորդներ: Դրանք գործելով իբրև վարկային կազմակերպություններ` իրենց դիմող քաղաքացիների վստահությունը չարաշահելու եղանակով նրանց անվամբ Հայաստանում գործող բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով ձևակերպում են վարկեր՝ վարկային պայմանագրում նշված գումարի 30-ից 70 տոկոսը պահելով որպես միջնորդավճար։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Վարկերը հիմնականում ձևակերպվում են այսպես. քաղաքացին վարկ ստանալու նպատակով դիմում է այսպես կոչված վարկային կազմակերպությանը, որտեղից նրան ուղեկցում են էլեկտրոնային և կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող խանութներ և նրա անվամբ ձևակերպում տեխնիկայի ապառիկ վաճառք։ Ապառիկը հաստատվելուց հետո քաղաքացուն տալիս են ապառիկի պայմանագրով հաստատված գումարի 60-ից 70 տոկոսը, մնացածը պահում իրենց՝ որպես միջնորդավճար։ Քաղաքացին արդյունքում չի ստանում գնված ապրանքը, սակայն բանկի նկատմամբ ձեռք է բերում ամբողջությամբ պայմանագրային պարտականությունները կատարելու պարտավորություն։

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է վերը նշված գործունեությամբ զբաղվող 10 կազմակերպություն: Նախապատրաստվել են նյութեր։