Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով պետական կառույցները թշնամացել են. «Ժողովուրդ»

Այս թեմայով մասնավորապես լարվել են ՀՀ զինվորական քննչական ծառայության և ՊՆ-ի հարաբերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են պետական կառույցների հարաբերությունները:

Ինչպես հայտնի է՝ «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանությունները սկսեցին ստուգել նախկին պաշտոնյաների ու նրանց զավակների զինծառայությունից ազատվելու հիմքերը: 

Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդիներն ապօրինի ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից
Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվողների առաջին ցանկում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Տիգրան ու Տրդատ Խաչատրյանները: Տիգրանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բայց և հիմա չեն կարող բանակ զորակոչել, քանի որ ամուսնացած է, ունի երկու երեխա: Օրենսդրության համաձայն՝ երկու երեխա ունենալու դեպքում քաղաքացին ազատվում է զինծառայությունից:

Իսկ ահա Տրդատի դեպքում ամեն ինչ այլ է. 22-ամյա Տրդատ Խաչատրյանին ՔԿ-ում մեղադրանք է առաջադրվել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:

Միաժամանակ նաև Տրդատ Խաչատրյանի առողջական իրական վիճակը պարզելու համար որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին: Ու այս օրերին այդ փորձաքննության պատճառով լարվել են ՀՀ զինվորական քննչական ծառայության և ՊՆ-ի հարաբերությունները»: