Ռումբի մասին ահազանգ «Սիլաչի» հյուրանոցում. փրկարարները դեպքի վայրում են

Մարդկանց տարհանել են հյուրանոցից։ Մասնագետները որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 15-ին, ժամը 21:33-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը և սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Հեռախոսային» ահաբեկիչները կարող են սաբոտաժի ենթարկել կառավարության աշխատանքը. փորձագետ

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 22:20-ին փրկարարներն ավարտել են հյուրանոցից մարդկանց տարհանումը (120 հոգի):

Ժամը 23:36-ին աշխատանքներն ավարտվել են. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Նշենք, որ այսօր առավոտյան նմանատիպ դեպք արդեն գրանցվել էր. քաղաքացին ահազանգել էր «911» ծառայություն և հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ առողջապահության նախարարության շենքը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը: Աշխատակիցները տարհանվել են։ Պարզվել է, որ ահազանգը կեղծ է։ Ավելի ուշ պարզվել է զանգողի ինքնությունը։