ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Մոսկվայի հայկական մեծ վանքում օգոստոսի 16-ին, հուղարկավորումը` Երևանում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի մամուլի ծառայությունը։
Հայտնի քանդակագործ, նկարիչ, գծանկարիչ և մանկավարժ Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանը մահացել է Մոսկվայում 99 տարեկան հասակում։
«Նիկոլայ Նիկողոսյանի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հինգշաբթի հայկական մեծ վանքում ժամը 11։30-ին։ Հուղարկավորման արարողությունը տեղի կունենա Երևանում (Պանթեոն)», — գրված է հաղորդագրության մեջ։
Նիկողոսյանի առավել հայտնի աշխատանքը Մոսկվայի Կուդրինսկայա հրապարակի բարձրահարկ շենքի ճակատային հատվածում արված քանդակներն են։
2018 թվականի մարտին Տրետյակովյան պատկերասրահի ցուցասրահում նկարչի արվեստին նվիրված ցուցահանդես էր կազմակերպվել` «Նիկոլայ Նիկողոսյան. հեռացող դասականը» խորագիրը։
Նկարչի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի և աշխարհի ամենահայտնի թանգարաններում։ Նիկողոսյանը մի շարք պարգևների է արժանացել, որոնց թվում են Փառքի և Բարեկամության շքանշանը, ինչպես նաև ԽՍՀՄ պետական մրցանակը` Գյումրիում բանաստեղծ և հրապարակախոս Ավետիք Իսահակյանի հուշարձանի համար։