Հայ քրեական հեղինակություն Դոն Պիպոյի կալանքը երկարաձգել են. մեկնաբանում է փաստաբանը

Արթուր Ասատրյանի փաստաբանը կարծում է, որ տեղի ունեցածը հեռու է իրավական ընթացակարգից։ Նա արդեն բողոքարկել է որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Դատարանը Դոն Պիպո մականունով հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի կալանավորումը երկու ամսով երկարաձգելու որոշում է կայացրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը։

«Խնդիրն այն է, որ քննչական մարմինը որևէ հիմք չի ներկայացրել կալանավորման ժամկետը երկարաձգելու համար։ Ինչպես նաև որևէ քննչական գործողություն չի ձեռնարկվել այն երկու ամիսների ընթացքում, երբ Ասատրյանը կալանքի տակ է եղել,», — ասաց Հակոբյանը։

Փաստաբանը կարծում է, որ տեղի ունեցածն ընդհանրապես հեռու է որևէ իրավական ընթացակարգից։ Նրա խոսքով` կա՛մ արդարադատությունը կաղում է, կա՛մ դատավորը կոմպետենտ չէ։

«Օրենքով մեկենասը». ո՞վ է Դոն Պիպոն, և ինչպես նա դարձավ Օռնելա Մուտիի սիրելի հայը

Հակոբյանը նաև նշեց, որ երեկ` օգոստոսի 14-ին, բողոք է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը փոխելու նպատակով։

Արթուր Ասատրյանը ձերբակալվել է հունիսի 16-ին` Հայաստան վերադառնալուց որոշ ժամանակ անց։ Հարազատ Էջմիածնում Դոն Պիպոն հանրահավաք էր կազմակերպել ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա որդու` այն ժամանակ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ։

Ցույցն անցկացվել էր «թավշյա հեղափոխության» խորհրդանիշով, ինչն արժանացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիստ արձագանքին։ Մի քանի օր անց Ասատրյանն ու Մանվել Գրիգորյանը կալանավորվեցին։

Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար: