Grant Thornton-ի մասնաճյուղը ԱՄՆ–ին հորդորում է համաձայնագիր կնքել Հայաստանի հետ

Grant Thornton Armenia ազդեցիկ ընկերությունը կոչ է արել համաձայնագիր կնքել, որը կխթանի ներդրումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Աշխարհում մեծությամբ վեցերորդ հաշվապահական ցանցի` Grant Thornton-ի («Գրանդ Թորնթոն») հայաստանյան մասնաճյուղը ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը կոչ է արել Հայաստանի հետ համաձայնություն ձեռք բերել կրկնակի հարկման դեմ ուղված փոխշահավետ համագործակցության մասին։ Այս մասին հայտնում է The Armenian National Committee of America —ի (ANCA, Ամերիկայի հայ ազգային կոմիտե) մամուլի ծառայությունը։

Փաշինյանը կմեկնի ԱՄՆ. հայտնի է` երբ և ինչ նպատակով

«Մենք անհամբեր սպասում ենք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության հետ անհապաղ կկնքի այդքան անհրաժեշտ համաձայնագիրը», — հայտնել է կազմակերպության նախագահ Րաֆֆի Համբարյանը։

Հաղորդագրության համաձայն` Grant Thornton Armenia ազդեցիկ կազմակերպությունը ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանն ուղղված իր կոչը մոտիվացրել է այն հանգամանքով, որ կրկնակի հարկման բացառումը կվերացնի ամերիկյան ներդրումների համար եղած արհեստական խոչընդոտները, նաև կխթանի երկու երկրների գործարարներին համագործակցության նոր ուղիներ փնտրել։

Հիշեցնենք` Grant Thornton Armenia կոնսալտինգային ու աուդիտորական ընկերությունը 2017 թվականին նշեց հանրապետությունում իր գործունեության 20-ամյակը։ 1997 թվականին Հայաստանում առաջին աուդիտորական արտոնագիրը ստանալուց հետո Grant Thornton Armenia-ն ծառայություններ է մատուցում մասնավոր ու հանրային ծառայությունների սեկտորում։