ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախկին սեփականատեր Դանիլ Խաչատուրովը կասկածվում է ընկերությունից արտերկիր 26,5 մլրդ ռուբլի (մոտ 400 մլն դոլար) դուրս հանելու մեջ։
Ինչպես գրում է «Վեդոմոստի» թերթը «ՌԳՍ նեդվիժիմոստ» ընկերությունը, որը անշարժ գույքի հետ կապված գործողություններ էր իրականացնում և ուներ 227 օբյեկտ, որոնց հիմնական վարձակալը «Ռոսգոսստրախն» էր, 2018 թվականի հունվարից սնանկացման գործընթաց է անցնում։
Պարտատերերին ընկերությունը 27,9 մլրդ ռուբլի է պարտք, գրված է այն սնանկ ճանաչելու` Մոսկվայի Արբիտրաժային դատարանի որոշման մեջ։ 2017 թվականի հոկտեմբերին ընկերությունը սկսել է դեֆոլտ հայտարարել, և բաժնետերերը որոշել են այն փակել։ Դեֆոլտում հայտնվեցին 24,5 մլն ռուբլու բոնդերի 9 թողարկումներ։
Այդ բաժնետոմսերի տեղադրումից ստացված գումարները դուրս էին բերվել ընկերությունից. մրցութային կառավարչի նման գնահատական է ներկայացվում անցած տարվա վերանայված հաշվապահական հաշվետվության բացատրության մեջ։ Հաշվետվության մեջ միջոցների դուրս բերման սխեման է նկարագրվում։
«ՌԳՍ նեդվիժիմոստ» ընկերությունը ներգրավված միջոցները ներդնում էր երկու կիպրական ընկերությունների` Campware Trading–ի և Troysands Holdings–ի պարտամուրհակների մեջ։ Դատելով «ՌԳՍ նեդվիժիմոստի» հաշվետվությունից` 25,5 մլրդ ռուբլու պարտամուրհակները մարվել էին 2017 թվականի ապրիլի 20-ից մինչև հունիսի 30-ը (Խաչատուրովը «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահի պաշտոնը լքել էր 2017 թվականի հունիսի 30-ին)։
Հետ վերադարձրած գումարներն ընկերությունն անմիջապես ուղղում էր կիպրական երկու այլ ընկերություններին` Bainyl Commercial–ին և Nodiol Holdings–ին երկարատև փոխառություններ տրամադրելուն։
Մրցութային կառավարչի գնահատականի համաձայն` 2017 թվականի վերջին երկու այդ կառույցները «ՌԳՍ նեդվիժիմոստ» ընկերությանը 26,5 մլրդ ռուբլի էին պարտք։
«Ակնհայտ է, որ ընկերության ղեկավարությունն այն սնանկ ճանաչելու նախաշեմին անբարեխիղճ գործողություններ է իրականացրել երկարատև փոխառությունների պայմանագրերով արտերկիր գումար դուրս բերելու համար», – գրված է հաղորդագրության մեջ։
Կառավարիչը Bainyl Commercial և Nodiol Holdings ընկերություններին փոխառություն տրամադրելու վերաբերյալ գործարքները վիճարկել է, իսկ դատարանը դրանք սնանկ է ճանաչել։
Այն մասին, որ այդ գումարներն արտերկիր է տարել Դանիլ Խաչատուրովը գրում է Banksta տելեգրամ ալիքը։
«Մրցութային կառավարիչը կարծում է, որ Դանիլ Խաչատուրովն արտերկիր է դուրս բերել 26,5 մլրդ ռուբլի «ՌԳՍ նեդվիժիմոստի» հետ կապված օպերացիաներից։ Այդ պատճառով ընկերությունը դեֆոլտում է հայտնվել», – գրված է հաղորդագրության մեջ։
Հետաքրքիր է, որ «Ռոսգոսստրախ» խմբի նախկին փոխնախագահ, Դանիլի եղբայրը` Սերգեյ Խաչատուրովը ապրիլին կալանավորվել էր միլիարդ ռուբլի հափշտակելու մեղադրանքով։
Նշենք, որ դեռևս 2017 թվականի դեկտեմբերին «ՎՏԲ 24»–ի նախագահ, «ՖԿ Օտկրիտիեի» վարչության և «Ռոսգոսստրախի» տնօրենների խորհրդի նախագահ Միխայիլ Զադորնովը քննադատել էր «Ռոսգոսստրախի» նախկին մենեջմենթը։ Նրա կարծիքով` ընկերությունում «վերից վար» գողություն էին անում, և «Ռոսգոսստրախին»` շուկայում իր բացառիկ դիրքի շնորհիվ հաջողվել է «ի դեմս սեփականատերերի և մենեջմենթի բացարձակ ոչինչ չանել տասը տարվա ընթացքում»։
Ի պատասխան Խաչատուրովը հայտնել է, որը «ինքն իրենից գողանալու համար կարող էր ավելի հեշտ ձև մտածել, քան դրա վրա կյանքի 15 տարի և ներդրումների հարյուրավոր մլրդ ռուբլի վատնելը»։
«Ռոսգոսստրախն» իր հիմնական սեփականատեր Դանիլ Խաչատուրովից անցել է «ՖԿ Օտկրիտիե» բանկի վերահսկման տակ 2017 թվականին։ Ենթադրվում է, որ Խաչատուրովը միավորված կառույցում մինորիտար փաթեթ է ստացել, սակայն հրաժարվել է իր մասնաբաժնից։