ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ խանդոտ քաղաքացին որոշել էր սպանել իր նախկին սիրեցյալին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Քննչական կոմիտեն։
Քննությունը պարզել է, որ տղամարդն իր 32-ամյա ընկերուհու հետ ապրում էր Թբիլիսկայա ավանում, սակայն վերջերս նրանք բաժանվել էին։
Խանդի հողի վրա տղամարդը որոշում է ինչ-որ մեկին վարձել, կնոջը սպանելու համար։ Նա դիմել էր իր ծանոթին` խնդրելով օգնել մարդասպան գտնելու հարցում։ Ծանոթը, տեսնելով, որ ՀՀ քաղաքացու մտադրությունը լուրջ է, համաձայնել էր, սակայն նաև առաջարկի մասին հայտնել էր իրավապահ մարմիններին։
Դրանից հետո մեղադրյալը հանդիպել էր ենթադրյալ մարդասպանին, որի դերում ոստիկանության աշխատակիցն էր հանդես եկել։ Տղամարդը նրան 10 հազար ռուբլի կանխավճար էր տվել։ Դրանից հետո իբր իրականացվել էր կնոջ սպանությունը։ Չարագործին փոխանցել էին իր նախկին ընկերուհու սպանությունը հավաստող լուսանկարներ։ Ինչպես հայտնել են երկրամասի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությունից, դրանից հետ չարագործը տղամարդուն ևս 10 հազար ռուբլի էր փոխանցել և ձերբակալվել ոստիկանության կողմից։
Երկրամասի ՌՔԿ–ի միջշրջանային Կրոպոտկինսկի քննչական բաժինը ՀՀ 29-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրել վարձու սպանություն նախապատրաստելու համար (ՌԴ ՔՕ հ.33, մաս 4, հ.30 մաս1, հ.105, մաս 2, կետ «զ»)։
Ներկա պահին տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացվում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է։