ՌԱԴԻՈ

Վրթանեսյան. «Չեմ կարծում, որ այս փուլում Հայաստանը պետք է նախիջևանյան հարցով դիմի ՀԱՊԿ–ին»

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Նախիջևանի սահմանին տիրող իրավիճակի մասին։
Sputnik
Կարեն Վրթանեսյան

Վրթանեսյանը նշում է, որ Ադրբեջանը սովորաբար չի խոսում վիրավորների մասին։ Վերջին միջադեպից հետո խոսել է թերևս տպավորություն ստեղծելու համար, որ Հայաստանն է ինչ-որ գործողություններ իրականացնում Նախիջևանի ուղղությամբ։ Ըստ փորձագետի` ակնհայտ է, որ դիրքերը մոտեցնելուց հետո այդպիսի միջադեպերը շատանալու են։

ՀԱՊԿ-ը, որի մաս է կազմում Հայաստանը, պե՞տք է քայլեր ձեռնարկի, քանի որ ոտնձգություն է իրականացվում անմիջապես Հայաստանի նկատմամբ։

«Որքան ես տեղյակ եմ, ցանկացած դեպքում մինչև Հայաստանը չդիմի այս հարցով, ՀԱՊԿ-ը որևէ քայլի չի գնա։ Չեմ կարծում, որ այս փուլում նախիջևանյան հարցով պետք է ՀԱՊԿ-ին դիմել»,- նշեց Վրթանեսյանը։

Նրա խոսքով` տվյալ իրավիճակում ցանկացած պահի էլ սադրանքն ու թվացյալ փոքր միջադեպը կարող են լայնածավալ գործողության վերածվել։

«Երբ ինչ-որ պահի Ադրբեջանը որոշի սրել իրավիճակը և համոզված լինի, որ ինչ-որ բան կշահի դրանից, անկախ այն բանից, թե ինչ կորուստներ կկրի, կարող է գնալ այդպիսի արկածախնդրության։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սա շատ լավ հասկանում է և պատրաստ է դրան»,- ասաց փորձագետը։

Օգոստոսի 12-ին կրկին լարված է եղել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում։ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը պատասխանել են կրակով։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Նախիջևանի սահմանում տեղի ունեցած միջադեպից վիրավորում է ստացել ադրբեջանական ԶՈւ զինծառայող Իսրաֆիլով Սամիտ Ադալյադ օղլուն։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում հատկապես լարվածություն է նկատվում հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում։ Փորձագետներն այն անվանել են «դիրքային պատերազմ» և նշել, որ ադրբեջանական կողմը ընդամենը բարելավել է իր դիրքերն իր հատվածում։