«Ոչինչ հետ չես բերի». Խաչատուրյան կրտսեր քույրը նոր բուժզննում կանցնի

Խաչատուրյան քույրերից մեկին, որը մեղադրվում է հարազատ հոր սպանության մեջ, կնշանակվի լրացուցիչ բժշկական հետազոտություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի նախագահի` երեխաների իրավունքների հարցերով ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան քննչական մեկուսարանում այցելել է Խաչատուրյան քույրերից մեկին` 17–ամյա Մարիային, որը մեղադրվում է հոր սպանության մեջ։ Աղջիկը հավելյալ բուժզննում կանցնի: Այդ մասին հաղորդվում է մանկական օմբուդսմենի պաշտոնական կայքում։

Կուզնեցովան զրուցել է աղջկա հետ, և նա խնդրել է օգնել հանդիպում կազմակերպել մոր հետ։ Նրանք չեն հանդիպել այն պահից ի վեր, երբ Մարիային տարել են քննչական մեկուսարան։

Բացառիկ կադրեր. հորը սպանած քույրերի եղբայրը ցույց է տալիս բնակարանը

«Հիմա աղջիկը հասկանում է ամբողջ պատասխանատվությունը և գիտի` ինչ է իրեն սպասվում, զղջում է, բայց, դժբախտաբար, ոչինչ արդեն չես վերադարձնի», – ասել է Կուզնեցովան։

Օմբուդսմենը ցավում է, որ հանցագործությունն աղջիկներին թվացել է խնդիրը լուծելու միակ միջոց, և շրջապատում ոչ ոք չի եղել, որ օգներ գտնել այլ տարբերակներ։

Կուզնեցովան Մարիայի հետ քննարկել է նրան պահելու, առողջական վիճակի, ուսման հետ կապված հարցեր։

Նա խնդրել է քննչական մեկուսարանի ներկայացուցիչներին պահանջել անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը և անցկացնել լրացուցիչ հետազոտություն։ Նրա խնդրանքը բավարարվել է։

Կուզնեցովան նաև անձամբ ստուգել է մեկուսարանում անչափահասի գտնվելու պայմանները, շփվել հոգեբանի, բժշկի և մանկավարժի հետ, որոնք աշխատում են մեղադրյալի հետ։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինսկի դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։