Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ են տալիս «live մտնել»

Ակտիվիստները կարծում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տապալված ասուլիսից հետո կարող է իր խոսքն ասել ուղից եթերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջարկում է ուղիղ եթեր դուրս գալ սոցիալական ցանցում։

«Մենք լավ մշակույթ ունենք Հայաստանում՝ «լայվերի» մշակույթ, նա կարող է լայվ մտնել, մարդիկ կարող են լսել, հետո կհետևենք նաև մեկնաբանություններին», — այսօր բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ակտիվիստը։

Պետրոսյանի խոսքով` այսօրվա ակցիայի նպատակն էր Քոչարյանին հիշեցնել, որ իր նախագահության օրոք արվածները չեն մոռացվել։

Նա ընդգծեց, որ այսօրվա միջոցառումն ինքնաբուխ էր, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, քաղաքացիները հերթական անգամ ինքնակազմակերպվեցին, որպեսզի իրենց բողոքը հայտնեն։

«Մենք մտադիր ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ հեղափոխության հռչակած արժեքները մեր երկրում շարունակում են մնալ արդիական», — ասաց Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 13-ին, ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատարանը հայտարարեց, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է Առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։

Քոչարյանին ազատ արձակելու դեմ բողոքողները շարունակում են պնդել, որ նա կալանավորվի։