Քոչարյանի գործը նոր փուլ կմտնի. դատախազությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը

Գլխավոր դատախազության ներկայացուցիչը ներկայացրել է իրենց հետագա քայլերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարանի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը ստանալուց հետո դրան համահունչ բողոք կներկայացնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

«Մենք արդեն հայտարարություն տարածել ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չենք ստացել։ Մեկ-երկու օրվա ընթացքում այդ որոշումը կստանանք, այդ հարցը կքննարկենք և որոշման մեջ նշված հարցերին համահունչ բողոք կտանենք»,- ասաց Մուրադյանը:

Երեկ Վերաքննիչ դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում է կայացրել։ Նախատեսված էր, որ Քոչարյանն այսօր ասուլիս պետք է անցկացնի «Էրեբունի պլազա» հյուրանոցում։ Սակայն հյուրանոցի շենքի մոտ բողոքի ցույց կազմակերպած մարդիկ կարողացան ներս մտնել ու բարձրանալ 9-րդ հարկ, որտեղ պետք է կայանար ասուլիսը։ Քոչարյանն այդպես էլ չեկավ նախատեսված ասուլիսին։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տապալված ասուլիսի առնչությամբ հայտարարություն կանի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դեմ բողոքողները շարունակում են պնդել, որ նա կալանավորվի։ Նրանք բղավում են. «Քոչարյանը մարդասպան է»։ Հավաքվածների շարքում են նաև 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների բարեկամներն ու մտերիմները։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 13-ին, ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատարանը հայտարարեց, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է Առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։