Փաշինյանը` Քոչարյանի հետքերով. պետության առաջ հանցանք կատարածները պատասխան կտան

Մեղավորները պետք է պատասխան տան, բայց կառավարությունը չպետք է ազդի դատարանի վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարածները ենթարկվելու են պատասխանատվության: Այդ մասին facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` բոլորը պատասխան են տալու Հայաստանի օրենսդրության սահմանված կարգով: Սակայն օրենքի առաջ պատասխանատու է նաև կառավարությունը: Այդ պատճառով ողջ գործընթացը պիտի կազմակերպվի միայն օրինական լիազորությունների ներքո, այսինքն՝ կառավարությունը չպետք է միջամտի օրենսդիր կամ դատական իշխանության աշխատանքին:

«Որովհետև մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, ուրիշների գողացածը՝ տեղափոխել մեր գրպաններ: Մենք ուզում ենք դա տեղափոխել Հայաստանի բյուջե և ծառայեցնել պետության կարիքներին», — հավելեց Փաշինյանը:

Մնացած հարցերի պատասխանները նա խոստացավ տալ օգոստոսի 17-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին:

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Քոչարյանն ազատ է արձակվել, սակայն Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված մեղադրանքը դեռ չի կասեցվել: Գլխավոր դատախազությունն արդեն հայտարարել է, որ Քոչարյանին ներկայացրած մեղադրանքը կպնդի Վճռաբեկ դատարանում: