Փաշինյանը կմեկնի՞ Իրան, թե ոչ. մեկնաբանում է ԱԳՆ–ն

Այցեր նախատեսված են, բայց ժամկետները դեռ չեն որոշել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԳՆ-ն դեռ չի հաստատում տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Իրան կմեկնի։

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օգոստոսի 9-ին հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Իրան է այցելելու։ Նա համապատասխան գրառում էր արել Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպումից հետո։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն օրակարգում դեռ չկա։ Տարբեր մակարդակի այցեր նախատեսվում են, սակայն կոնկրետ ժամկետներ չկան», — այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։

Նա նաև ընդգծեց, որ չնայած Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, Թեհրանը Երևանի համար շարունակելու է մնաց կենսական կարևորություն ունեցող գործընկեր։