ՌԱԴԻՈ

Սողոմոնյան. «Այլակարծության տապալման տեսանկյունից ասուլիսը շատ հաջողված էր»

Կային որոշ հարցեր, որ մենք պետք է բացատրեինք հանրությանը, բայց այն ակտիվիստները և գործող վարչապետի զինակիցները, որ եկան ու տապալեցին ասուլիսը, իրենք իրենց ապացուցեցին այն ամենը, ինչ մենք պետք է բառերով ասեինք։
Sputnik

Sputnik Արմենիայի եթերում, խոսելով ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօր տապալված ասուլիսի մասին, ասաց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նա մանրամասնեց, որ խոսքը նրա մասին է, որ Հայաստանում այսօր, ցավոք, այլակարծությունը չի ընդունվում, և քաղաքական հետապնդումների ունակ իշխանություն ունենք։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն տարածեց

«Եկել էին մարդիկ, ովքեր ակնհայտորեն գործող իշխանության փողոցային ակտիվն էին կազմում, նրանք տապալեցին ասուլիսը և ցույց տվեցին, որ Հայաստանում այլ կարծիք արտահայտել չի կարելի։ Միայն պետք է գովել իշխանություններին, հիանալ նրանցով։ Համարում եմ, որ այդ տեսանկյունից ասուլիսը շատ հաջող էր»,–ասաց Սողոմոնյանը։

Նրա խոսքով, Քոչարյանը պատրաստ էր պատասխանելու ցանկացած հարցի և  չկա արդի քաղաքական այնպիսի հարց, որին նախագահ Քոչարյանը պատրաստ չէր պատասխանել։ Այդ պատճառով իրենք հրավիրել էին անխտիր բոլոր լրատվամիջոցներին։

«Հնարավորություն կար պատասխանելու այն հարցերին, որոնց պատասխանին գուցե 10 տարի մարիկ սպասել են, բայց այդ հնարավորությունից մենք, իշխանությունների շնորհիվ, այսօր զրկվեցինք»,–նշեց Սողոմոնյանը։

Նա վստահեցրեց, որ նման հնարավորություններ էլի կստեղծեն, որովհետև այսօրվա դարում բազմաթիվ միջոցներ կան, որոնցից կարելի է օգտվել և կարծիքներն ու տեսակետները հասցնել հանրությանը։

Վիկտոր Սողոմոնյանը վստահեցրեց` Ռոբերտ Քոչարյանը երկրից մեկնելու մտադրություն չունի։