Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա
Հայաստանի շուրջ շարունակում է աճել ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվող պետությունների թիվը։ Վերջինն այդ ցուցակում հայտնվել է Թուրքիան, սակայն եթե Երևանն այդ երկրի հետ կիսապաշտոնական ու միջնորդավորված տնտեսական հարաբերություններ ունի, ապա Իրանն ու Ռուսաստանը մոտ են մեզ և՛ քաղաքական, և՛ գործարար ոլորտներում։
Բնականաբար, այդ երկրներից ոչ մեկն իրեն այնքան թույլ չի համարում, որ ենթարկվի վաշինգտոնյան կամայականություններին։
«Իրանը երբեք չի փոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի պատժամիջոցների կամ սպառնալիքների պատճառով։ Միացյալ Նահանգների հետ ցանկացած երկխոսություն կսկսվի միայն այն ժամանակ, երբ այն սկսի գործել որպես ուրիշներին հարգող պետություն ու կդադարի պատժամիջոցներ կիրառել», — երկուշաբթի հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Իրանի պաշտոնական անձանց ասածին կարելի է վստահել, անկասկած է նաև այն, որ հայ-իրանական համագործակցությունը շարունակվելու է։ Ընդ որում` հիմա` պատժամիջոցների շրջանում, նոր հնարավորություններ են հայտնվում ինչպես «Մեղրի» ազատ տնտեսական գոտու, այնպես էլ էներգակիրների ներմուծման ու արտահանման ու մնացած ոլորտներում։
Մի շարք փորձագետների կարծիքով` ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում բարդ շրջապատում գտնվող Հայաստանի ու պատժամիջոցների տակ գտնվող Իրանի շփմանը։ Այս մասին վերջերս խոսել է մասնավորապես իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
«Ամերիկացիները հասկանում են` Հայաստանն ինչ իրավիճակում է, նրանք հասկանում են, որ արևմուտքից ու արևելքից շրջափակված երկիրը մեծ ընտրություն չունի։ Միաժամանակ Հայաստանի ու Իրանի առևտրային ու տնտեսական համագործակցության ծավալներն աննշան են, ու դրանք չեն կարող որևէ սպառնալիք ներկայացնել ամերիկացի ներդրողների համար», — նշել է Իսկանդարյանը։
Ավելին` Իրանից գործնական նոր առաջարկներ են գալիս։ Իրանի էներգետիկայի նախարար Արդականիանը երկուշաբթի հայտնել է, որ Ռուսաստանին Հայաստանի միջոցով էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցություններ են անցկացնում։
«Մենք Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու վերաբերյալ բանակցություններ ենք սկսել Հայաստանի հետ», — ասել է իրանցի նախարարը։
Նա ճշտել է, որ Իրանի էներգետիկայի համար կարևոր է միանալ էներգամատակարարման եվրոպական ցանցերին, ընդ որում` Թեհրանն այդ նպատակին հասնելու մի քանի ճանապարհ ունի։
«Տարբերակներից մեկը մեր հյուսիսային հարևանների միջոցով միանալն է», — ասել է նա։
Այսպիսով` էլեկտրաէներգիայի արտահանում-ներկրումը նոր պայմանավորվածություններով ու հնարավորություններով կհարստանա։
Ճիշտ է` երկրու երկրների միջև երկար ժամանակ օդից կախված երկաթուղու կառուցման գաղափարը, ամենայն հավանականությամբ, դեռ գաղափարի մակարդակում կմնա, թեև Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությունը տարբերակներ դիտարկելու պատրաստակամություն է հայտնել։
Բացի այդ, հայ վարչապետն ու իրանցի նախագահը Թեհրանում նույնպես քննարկելու բան ունեն։ Երկու կողմերի ակտիվ համագործակցությունն ակնհայտ է քաղաքական, առևտրատնտեսական, ֆինանսական, գյուղատնտեսական, արդյունաբերական, գիտակրթական, մշակութային ու ռազմական ոլորտներում։
Մենք բարդ տարածաշրջանում ենք գտնվում, բայց դե ընտրության հնարավորություն չունենք։ Պետք է հարաբերություններ զարգացնել բոլոր հարևանների հետ, հատկապես այն հարևանների, որոնք երբեք բարոյականության ու անկեղծության մեջ կասկածելու առիթ չեն տվել։ Այդ իմաստով Իրանն օրինակելի է, իսկ պատժամիջոցները գալիս են ու անց կենում։ Մնում է խոստումներին հավատարիմ մնալը։