Հայաստանում կալանավորներն ինքնասպան լինելով են ազատվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ դատապարտյալներն ու կալանավորները պահանջում են իրենց դեմ հարուցված քրեական գործերը օբյեկտիվ քննել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Քրեակատարողական հիմնարկներում բունտ է հասունանում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Կալանավայրում ինքնասպանությունների դեպքերի առնչությամբ ՄԻՊ–ն իր մտահոգությունն է հայտնել

«Բանն այն է, որ դատապարտյալները և կալանավորները պահանջում են իրենց դեմ հարուցված քրեական գործերը օբյեկտիվ քննել կամ իրենց պայմանական վաղաժամկետ ազատ արձակել: Ի պատասխան իրենց հորդորներին՝ այս օրերին ՀՀ քրեակատարողական հիմնարկների կալանավորներից շատերը հացադուլ են հայտարարել, իսկ ահա մի մասն էլ, չդիմանալով անազատությանը, ինքնասպան է լինում»,- նշված է հոդվածում։

Թերթը հիշեցնում է, որ մասնավորապես «Արմավիր» ՔԿՀ-ում օգոստոսի 11-ին ու 12-ին ինքնասպանության երկու դեպք է գրանցվել: Ըստ պարբերականի` ասել է թե, դատապարտյալներն ու կալանավորները հացադուլ, ջրադուլ, ինքնավնասում կատարելուց հետո ավելի ծանր մեթոդների են դիմել՝ ինքնասպան են եղել։