ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Որևէ մեկը չի կարող դպրոցական երեխային սև ու սպիտակ հագուստ պարտադրել։ Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Բացառություն կարող են լինել այն դեպքերը, եթե ծնողական խորհուրդը հավաքվի և որոշի, որ իրենց երեխաները բոլորը պետք է սև ու սպիտակ հագնեն։ Մյուս բոլոր դեպքերում որևէ մեկը չի կարող երեխաներին պարտադրել»,- ընդգծեց նախարարը։
Արայիկ Հարությունյանն ավելացրեց նաև` դա չի նշանակում, թե պետք է ողջախոհության սահմաններից դուրս գալ։
«Երեխային պետք է հասարակ, հարմար հագուստ հագցնել, եթե ծնողները չեն ցանկանում, որ իրենց երեխան սև ու սպիտակ հագնի»,- ասաց նախարարը։
Հարությունյանն ընդգծեց` որևէ մեկը սև ու սպիտակ հագուստը չի արգելել։ Նա խորհուրդ տվեց այս թեման այլևս չշահարկել։