Հայաստանի տարածքում ադրբեջանական ձմերուկ է վաճառվո՞ւմ. պարզաբանում

Սննդի անվտանգության պետական ծառայությունը հերքում է լրատվամիջոցների տարածած տեղեկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել: Այս մասին նշված է ՀՀ գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկություն, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ, որը, հնարավոր է, ունի ադրբեջանական ծագում:

«Տեղեկացնում ենք, որ ս/թ հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ տարածք ձմերուկ ներմուծվել է բացառապես Վրաստանից և Ռուսաստանից, ընդհանուր՝ 1327 տոննա, որից 781 տոննան ներմուծվել է միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ներմուծված խմբաքանակի հիմնական ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին` 1327-ից 1217 տոննան, որն ավելի քան տասն անգամ գերազանցում է Վրաստանից ներմուծման ծավալը (110 տոննա):

«Ռոսկաչեստվոն» կստուգի Հայաստանից արտահանված և Ռուսաստանում վաճառվող հյութերը

Երկու երկրներից ներմուծված ձմերուկների համար տրամադրված ուղեկցող փաստաթղթերը հավաստում են, որ վերջիններս ունեն ռուսական և վրացական ծագում:

Շրջայցերի ընթացքում ևս պարզվել է, որ իրացման ցանցում ռուսական (Աստրախանի) ձմերուկներ են վաճառվում: Թեև ոչ բոլոր դեպքերում է առկա մակնշում, ինչը բուսական ծագման մթերքի համար պարտադիր չէ, այդուհանդերձ իրացնողները տեղեկացրել են, որ ձմերուկն Աստրախանից է:

«ԶԼՄ հրապարակումներում չի ներկայացվում որևէ հիմնավորում, թե ներմուծված ձմերուկն ադրբեջանական ծագում ունի: Ուստի հորդորում ենք չտարածել չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն՝ հանրության շրջանում արհեստական անհանգստություն չստեղծելու նպատակով»,- ընդգծված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ պտուղ-բանջարեղենի ներմուծման ժամանակ սահմանային հսկիչ կետում իրականացվում է պարտադիր բուսասանիտարական վերահսկողություն. նախ ստուգվում է ներմուծող երկրի բուսասանիտարական հավաստագիրը, ապա կատարվում է զննում՝ կարանտին վնասատուներ և հիվանդություններ հայտնաբերելու նպատակով, իսկ դրանց առկայության վերաբերյալ կասկածների դեպքում՝ կատարվում է նմուշառում և ուղարկվում լաբորատոր փորձաքննության:

Կասկածելի մթերքի իրացում նկատելու դեպքում քաղաքացիները կարող են զանգել տեսչական մարմնի թեժ գծին 010 20 60 40 և 012 90 60 90 հեռախոսահամարներով: