«Ադրբեջանական փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ–ն` Նախիջևանի իրավիճակի մասին

Վերադիրքավորման փորձերն անթույլատրելի են, Ադրբեջանի սադրանքները ամեն կերպ կանխվելու են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի մարտական դիրքերի վերադիրքավորման փորձերը Հայաստանի համար անընդունելի են։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։

«Հայաստանի ԶՈՒ-ն լիովին հսկում է իրավիճակը Նախիջևանի ուղղությամբ։ Նախիջևանի ուղղությամբ իրավիճակի հարցով համապատասխան հայտարարություն տարածել է ՀՀ պաշտպանության նախարարությունը», — ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` վերադիրքավորման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար, ինչի մասին ադրբեջանական կողմին տեղեկացրել են։

«Այդ փորձերն ամեն կերպ կանխվելու են», — ասաց Նաղդալյանը;

Նշենք, որ օգոստոսի 12-ին կրկին լարված է եղել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում։ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը պատասխանել են կրակով։

Կրկին լարված է եղել Նախիջևանի սահմանին. հայկական կողմը պատասխան կրակ է բացել

Հիշեցնենք, որ վերջին շրջանում հատկապես լարվածություն է նկատվում հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում։ Փորձագետներն այն անվանել են «դիրքային պատերազմ» և նշել, որ ադրբեջանական կողմը ընդամենը բարելավել է իր դիրքերն իր հատվածում։

Իսկ հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները նախիջևանյան ուղղության որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Դրան ի պատասխան, ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ էին արձակել` թույլ չտալով, որ հակառակորդը կատարի իր խնդիրը: Հայաստանի զինված ուժերի արձակած կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել էր հակառակորդի դիրքերից մեկը: