Արոնյանը չորրորդ տեղն է զբաղեցրել Grand Chess Tour–ում

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը ԱՄՆ–ում անցկացվող մրցաշարում չորրորդ տեղն է զբաղեցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն ամերիկյան Սենթ Լուիսում անցկացվող Grand Chess Tour-ի հերթական փուլում չորրորդ տեղն է զբաղեցրել։

Արոնյանը 9 միավոր է վաստակել ու չորրորդ տեղը կիսել կուբացի Լենիեր Դոմինգեսի ու ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։

Երրորդ տեղում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 11 միավորով, իսկ ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան 12 միավորով առաջին տեղը կիսում է ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ։

Նշենք, որ 2018 թվականին Լևոն Արոնյանի գործերը, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն։ Նա անհաջող ելույթ է ունեցել Grenke Chess Classik սուպերմրցաշարում ու չորրորդ տեղն է զբաղեցրել, իսկ հավակնորդների մրցաշարում վերջին հորիզոնականում է հայտնվել։ Այդ երկու մրցաշարերում հաղթել է ամերիկյան շախմատի աստղ Ֆաբիանո Կարուանան։